Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարդան Օսկանյան. «Համախմբումը» լինելու է ժողովրդական շարժում

Վարդան Օսկանյան. «Համախմբումը» լինելու է ժողովրդական շարժում
18.06.2016 | 01:12

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանի ելույթը կուսակցության հիմնադիր համագումարում.


Շնորհակալ եմ վստահության համար: Ջանք չեմ խնայելու, որ մենք միասին հասնենք մեր նպատակներին, որոնց իրականացման համար ստեղծում ենք այս կուսակցությունը:
Այժմ, երբ նոր Սահմանադրությամբ մեր կառավարման ողջ ձևը խարսխված է կուսակցական համակարգի վրա, «Համախմբումը» նոր մշակույթ կբերի կուսակցաշինության գործելաոճ: Մենք կլինենք բաց և թափանցիկ, հնարավորություն կտանք յուրաքանչյուր անհատի, հատկապես երիտասարդներին, ինքնադրսևորվելու, կապահովենք սերնդափոխությունը, համարձակորեն և ազնվորեն կբարձրացնենք և կխոսենք առկա թերությունների, ձախողումների և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերում կառաջարկենք հստակ ծրագիր և նպատակային լուծումներ:


Մենք հայտ ենք ներկայացնում ձևավորելու քաղաքական բևեռ և մեր հանրության համար լինելու նոր իշխանության հուսալի հավակնորդ:
Միանգամից ասեմ, որ «Համախմբումը» կուսակցություն է ինչքանով որ օրենքի պահանջն է: Անդամակցությունը նրան կարևոր է այնքանով, ինչքանով որ օրենքի պահանջն է: Սա լինելու է վերկուսակցական կառույց, լինելու է ժողովրդական շարժում, որը համախմբելու է մեր ողջ հանրությանը:


Այդ ճանապարհին մենք պատրաստ կլինենք, առանց որևէ բացառության, համագործակցել քաղաքական բոլոր այն ուժերի, կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են երկրում հասնել իշխանափոխության և իրականացնել արմատական փոփոխություններ:


Կուսակցությունը ստեղծվում է մեր երկրի և ժողովրդի համար ճակատագրական պահի: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, մեր գլխի վերևում կախված է պատերազմի վտանգը, տնտեսությունը որերորդ տարին է՝ լճացման մեջ է, արտագաղթը կանգ չի առնում, խորանում է ժողովրդի բարոյալքությունը:
Ժողովրդի պահանջն ու ակնկալիքն են երկրի և քաղաքացիների անվտանգության ապահովումը, մարդկանց առօրյա կենցաղային հարցերի լուծումը: Մարդիկ փափագում են, որ երկրում տիրեն արդարություն, պաշտպանվածություն և հավասար հնարավորություններ բոլորի համար: Այլ կերպ ասած՝ ժողովուրդն ընդամենը պահանջում է այն, ինչ նվազագույնն է, որն իրեն խոստացված է Սահմանադրությամբ:


Մի՞թե անկախությունից 25 տարի անց հայրենի պետությունը չի կարող իր ժողովրդին ապահով, արդար և արժանապատիվ կյանք երաշխավորել: Իհարկե, կարող է:
Մի՞թե անկախությունից 25 տարի անց հայրենի պետությունը չի կարող իր ժողովրդին հույս ու հավատ տալ երկրի ապագայի նկատմամբ: Իհարկե, կարող է:
Դրա համար շատ բան պետք չէ: Ընդամենը պետք են տեսլական, հստակ ծրագիր և անձնական, հատվածական, կուսակցական շահերից վեր կանգնելու կամք և ազնվություն:
Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը վտանգավոր կետում են: Այս երկու հարթությունում առաջ ենք գնացել այնքան, որ կարելի է ձևացնել, թե ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չենք գնացել, որ ասվածը համոզիչ լինի հենց մեզ՝ մեր իսկ հասարակության ու միջազգային հանրության համար: Օրինակ՝ եթե դուք զբաղվում եք գործարարությամբ, ամեն օր ձեր մաշկի վրա եք զգում, որ պայմանները հավասար չեն, ազատ մրցակցություն չկա, և որ չեք կարող վստահ լինել ձեր սեփականության անձեռնմխելիությանը: Իսկ երբ ձեր առօրյա կյանքում շփվում եք իշխանությունների հետ, տեսնում եք, որ չկան հանդուրժողականություն, արդարություն և խոսքի լիակատար ազատություն:


Արդարությունն այն չէ, երբ դատարանը արդար լուծում է երկու խեղճ ու կարիքավոր հարևանների միջև ծագած վեճը: Արդարությունն այն է, երբ խեղճի և հզորի, փող և քաղաքական լծակներ ունեցողի միջև ծագած վեճում չի լինում իշխանական միջամտություն, երբ առանց կաշառք վերցնելու՝ դատարանն արդար վճիռ է կայացնում:
Խոսքի ազատությունն այն չէ, երբ թերթերն ու կայքերը գրում են՝ ինչ ուզում են, այլ այն, երբ լրատվական ողջ դաշտը թողնված է իր բնականոն զարգացմանը, իսկ հանրությանն ամենահասանելի լրատվության միջոցը՝ հեռուստատեսությունը, ազատ է, և նրան օրակարգ ու սև ցուցակներ չեն պարտադրվում: Խոսքի ազատությունն այն է, երբ դպրոցի տնօրենը կարող է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել և մյուս օրն աշխատանքից չհեռացվել: Խոսքի ազատությունն այն է, երբ գործարարը կարող է հստակ քաղաքական դիրքորոշում և պատկանելություն ունենալ, և մյուս օրը նրա դռան առաջ չհայտնվի հարկայինը:
Այլ կերպ ասած՝ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, բայց իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելն ավելի վտանգավոր է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:


Հարգելի՛ ներկաներ,
Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, որոնք յուրաքանչյուր անհատի հնարավորություն են տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ: Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող, քամող, որտեղ ռեսուրսները կենտրոնանում են նեղ խմբի կամ խմբերի ձեռքում: Մենք այսօր շատ ավելի մոտ ենք երկրորդ տարբերակին:


Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ քաղաքական մենաշնորհի գոյությունն է ծնում պետության և հասարակության համար վտանգավոր շատ ու շատ արատներ: Այո՛, հենց քաղաքական մենաշնորհն է պատճառը, որ երկրում կա անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական մենաշնորհն է, որ ծնում և սնում է տնտեսական մենաշնորհը, ինչը կործանում է երկրի տնտեսական համակարգը և խոչընդոտում զարգացումը: Քաղաքական մենաշնորհի պատճառով է, որ Հայաստանում օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար: Այդ նույն մենաշնորհն է, որ մարդուն դարձնում է հպատակ և ոչ թե հպարտ քաղաքացի, որն, ի վերջո, արտագաղթում է երկրից:
Ահավասիկ, այս բոլորն ուղղելու և իսկական հավասարության և ազատականության հասնելու հավատամքով և նվիրումով է, որ «Համախմբում» կուսակցությունն իշխանություն վերցնելու և հաջորդ տարիներին երկրի ապագան կերտելու հայտ է ներկայացնում:
Մեր աշխատանքային ծրագիրը խարսխված կլինի չորս հիմնասյուների վրա՝
Առաջին՝ արմատական, երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումների իրականացում, այն էլ՝ հնարավորինս կարճ ժամանակում:


«Freedom House»-ի 2016-ի ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը դասակարգվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգ ունեցող երկիր: Նույն կազմակերպության Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը ոչ ազատ մամուլ ունեցող երկիր է: «Transparency International»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը Եվրոպայի հետնապահների շարքում է: «World Economic Forum»-ի Մրցունակության համաշխարհային ինդեքսում ևս հետևներում ենք: Եթե այս ամենը դնենք մեկ նախադասությունում, կստացվի, որ մենք ապրում ենք կիսաավտորիտար, ոչ ազատ մամուլով և կոռուպցիայի բարձր հակումներ ու ցածր մրցունակություն ունեցող երկրում: Իհարկե, այդ բոլորն իմանալու համար մեր հանրությունը կարիք չունի այս և այլ գնահատականների: Այդ ամենի անմիջական հետևանքները Հայաստանի քաղաքացին տեսնում է իր առօրյա կյանքում և զգում իր մաշկի վրա: Բայց եթե մենք զարմանում ենք, թե ինչու աշխարհի առաջատար ժողովրդավարական պետությունները մեր նկատմամբ արհամարհանքով են վերաբերվում, և որ տարեցտարի Հայաստանի համար խիստ անհրաժեշտ արտաքին ներդրումները նվազում են մինչև 60-70 տոկոսով, ապա դրանց պատասխանը հենց այդ միջազգային գնահատականների մեջ պետք է փնտրել:


Հավատացե՛ք, որ երբ օտարերկրյա գործարարը ծրագրում է Հայաստանում ներդրում անել, նա ոչ թե զանգում է այս կամ այն երկրում մեր դեսպանին՝ իմանալու երկրի ներդրումային միջավայրի մասին, այլ նախ և առաջ ապավինում է հենց այդ միջազգային վարկանիշերին, որտեղ և ամեն ինչ ավարտվում է:


Մենք խնդիր ենք դնելու ամենակարճ ժամկետներում Հայաստանի դասակարգումը բարձրացնել վերոնշյալ և ժողովրդավարությունը, ազատությունները, արդարությունն ու ազատ շուկայական հարաբերությունները բնութագրող բոլոր այլ վարկանիշերում: Վստահ եմ, որ հնարավոր է միջազգային այդ վարկանիշերում Հայաստանը բերել առաջին 20-30 երկրների շարքը:
Դրան հասնելը բացարձակապես կապ չունի երկրի ոչ ռեսուրսների, ոչ աշխարհագրության, ոչ էլ փակ սահմանների հետ: Ընդամենը կապ ունի օրվա իշխանության քաղաքական կամքի և նրա նախանշած առաջնահերթությունների հետ: Մենք ունե՛նք քաղաքական այդ կամք, և մեր առաջնայնությունները չեն կարող այլ լինել, քան երկրի և ժողովրդի շահերը:
Երկրորդ՝ համարձակ, խիզախ և ընդլայնողական, բայց իրատեսական տնտեսական քաղաքականություն:


Տարիներ շարունակ երկրում արմատական բարեփոխումների իսպառ բացակայությունը և հիմնականում դրա հետևանքով բյուջեի և գնաճի թիրախավորումները հանգեցրել են մեր տնտեսության լճացմանը՝ երկիրը ներքաշելով տնտեսագիտությունում հայտնի, այսպես կոչված, «աղքատության թակարդի» մեջ՝ արգելափակելով տնտեսական աճն ու զարգացումը:
Ո՞րն է այս թակարդի էությունը: Որպեսզի աղքատությունը նվազի կամ վերանա, անհրաժեշտ է տնտեսական մեծ տեմպերով աճ: Իսկ աճի մեծ տեմպ ապահովելու համար անհրաժեշտ է բնակչության լայն շերտերի բարձր գնողունակություն, ինչը չի կարող լինել աղքատության այսօրվա մակարդակի պայմաններում:
Մենք գնալու ենք բոլորովին այլ ճանապարհով: Ներմուծելու ենք տնտեսական քաղաքականության նոր մտածողություն: Մեր թիրախները կլինեն ոչ այնքան բյուջեի կատարումն ու գնաճի զսպումը, որքան տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը: Դրա համար կկիրառվի հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականություն:


Միայն նման խիզախ մոտեցման դեպքում հնարավոր կլինի դուրս գալ աղքատության, դեֆիցիտի, արտաքին պարտքի և այլ տեսակի թակարդներից, որոնցում այսօր հայտնվել է մեր տնտեսությունը: Իհարկե, քաջ գիտակցում ենք, որ ընդլայնողական նման մոտեցումը կաշխատի և արդյունավետ կլինի միմիայն նշածս արմատական փոփոխությունների իրականացման դեպքում:


Երրորդ՝ անվտանգության և պաշտպանության հարցերի վերագնահատում:
Ապրիլյան պատերազմը բացահայտեց անվտանգության հարցերում մեր կազմակերպչական, մարտավարական թերացումները և սպառազինության խնդիրները: Այս բոլորը վերագնահատման կարիք ունեն: Սակայն մի բան ակնհայտ է՝ մենք պետք է ձգտենք խաղաղության՝ միշտ պատրաստ լինելով պատերազմի: Խաղաղության մեր ցանկությունը դեռևս բավարար չէ: Նման ցանկություն պետք է լինի մեր հակառակորդի մոտ: Հետևապես այս ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը կարող է երկար ձգվել:


Բանակը պետք է դադարի «բեռ» լինել բյուջեի համար, իսկ երիտասարդների զինվորական ծառայությունը՝ մտահոգություն նրանց ծնողների համար: Բանակը պետք է դառնա մեր պետության ամենաառաջադեմ և էլիտար կառույցը: Այնտեղ մեր երիտասարդները պետք է ցանկանան ծառայել: Այն պետք է լինի նրանց հետագա հաջողության գրավականը:
Բանակը պետք է դառնա մեր տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման շարժիչներից մեկը՝ իր պատվերներով ու պահանջարկով: Բյուջեից տրամադրված յուրաքանչյուր լումա պետք է բազմապատիկ վերադարձելիություն ապահովի տնտեսության մեջ: Բանակը պետք է դառնա կրթական դարբնոց, որը յուրօրինակ լրացում կլինի հանրակրթությանն ու բուհական կրթությանը:


Վերջապես, վերադարձ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը:
Վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը չի ունեցել գաղափարական հենք և միջոցից վերածվել է նպատակի: Էապես խախտվել է մեր արտաքին քաղաքական հավասարակշռությունը համաշխարհային երեք բևեռների միջև, այդ իսկ պատճառով երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններում չենք ունեցել որևէ շոշափելի առաջընթաց, եթե չասեմ, որ հետընթաց ենք ունեցել բոլոր ուղղություններով:


Որպես արտաքին քաղաքականության գաղափարական հենք՝ մենք կվերադարձնենք կոմպլեմենտարիզմը, որը տասը տարի մեծ արդյունավետությամբ ծառայել է Հայաստանի Հանրապետության նպատակների իրականացմանը: Տասը տարի պահպանվել է խաղաղությունը, ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվել են օտարերկրյա ներդրումների հարաճուն հոսք և երկրի շարունակական տնտեսական աճ:
Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է: Եթե ոչ ինքնորոշումը՝ որպես այդպիսին, ապա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այս տարիների ընթացքում մենք մի բան միանշանակ ենք դարձրել՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:


Այսօր մեր խնդիրը պետք է լինի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստի միջազգային ճանաչմանը հասնելը: Դա անելու կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:


Սիրելի՛ ներկաներ,
Սփյուռքը մեր անգնահատելի ռեսուրսն է: Սփյուռքը հայության անբաժանելի մասն է, և Հայաստանը նրա տունն է։
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է դուրս գան ավանդական ու ձևական հարաբերությունների մակարդակից և կրեն գործնական ու բովանդակային բնույթ: Առավել նպատակային քաղաքականություն պետք է վարել Հայաստանի քաղաքացիությունը յուրաքանչյուր հայի համար առավել հասանելի դարձնելու համար։
Սփյուռքը Հայաստանին ինտեգրելու լավագույն ճանապարհը բաց և ժողովրդավար հասարակության, մրցակցային տնտեսության և անկախ դատաիրավական համակարգի ստեղծումն է:


Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է դառնան երկկողմանի ճանապարհ։ Մի կողմից Հայաստանը պետք է նպաստի դրսում հայապահպանությանը, մյուս կողմից Սփյուռքն իր ակտիվ ներգրավվածությունը պետք է ունենա Հայաստանի ժողովրդավարացման և տնտեսության զարգացման գործում՝ դառնալով այդ ամենի շահառուն։
Սփյուռքը հայրենիքին կապելուց առաջ, սակայն, շատ ավելի կարևոր է կանխել արտագաղթը:
Արտագաղթը մեր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է: Այն քաղաքական, տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական անդառնալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետականության զարգացման ու հետագա գոյության համար:
Մեր կուսակցությունը վստահ է, որ արդարության հաստատումը, ընտրությունների արդյունքում լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, արհեստական մենաշնորհներից ձերբազատումը և հավասար մրցակցային պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության իրականացումը կնպաստեն ոչ միայն արտագաղթի կտրուկ կրճատմանը, այլև ներգաղթին:
Դրա համար պետք է համապարփակ քաղաքականություն մշակել ներգաղթի կազմակերպման, ինչպես նաև ներգաղթյալների աբսորբցիայի (աշխատանքի, բնակելի տարածքի տրամադրման, լեզվի դասընթացների կազմակերպման և այլն) գործուն պետական համակարգ ներդնելու և կիրառելու ուղղությամբ:


Հարգելի՛ ներկաներ,
Անկախությունից հետո ես և իմ ընտանիքը ներգաղթի առաջին ծիծեռնակներից էինք: Ես եկել եմ Հայաստան հույսով, հավատով ու երազանքով: Քսանհինգ տարի անց, հակառակ իմ կյանքում տեղի ունեցած վայրիվերումներին, ես շարունակում եմ հավատալ Հայաստանի ապագային:
Որպես մարդ՝ ես ունեմ իմ բազմաթիվ թերությունները: Բայց երկու բանում ես ինձ համարում եմ անթերի՝ նվիրումը հայրենիքին և ազնիվ ու անկեղծ աշխատանքը պետական համակարգում:


Ես արտաքին գործերի նախարար եմ եղել նախագահ Քոչարյանի պաշտոնավարման սկզբից: Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք եղել եմ արտաքին գործերի փոխնախարար, ապա՝ առաջին փոխնախարար: Ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ ժողովրդին և պետությանը:
Ես այլոց նման գումարներ չեմ աշխատել Հայաստանում և գույք ու հարստություն դիզել Արևմուտքում: Լրիվ հակառակը՝ ես իմ անձնական կապերով ամեն ինչ արել եմ մեր երկիր գումարներ ներգրավելու համար: 1998-ին ստանալով Հայստանի Հանրապեության քաղաքացիություն՝ հրաժարվել եմ Միացյալ Նահանգների քաղաքացիությունից: Ես կյանքիս վեց տասնամյակների ուղիղ կեսն ապրել եմ հայրենիքում: Ես Հայաստանում ապրելիս երբեք չեմ զգացել որպես դրսից եկած մարդ: Եթե կուզեք, ես իսկական հայաստանցի եմ, իսկական ղարաբաղցի, իսկական հալեպցի, որը հաստատ պակաս բան չի արել իր հայրենիքի համար, քան ուրիշները, քան գործող շատ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է: Հայ ժողովուրդն աշխարհում մեծ ռեսուրսների է տիրապետում և մեծ հնարավորություններ ունի: Մենք ունենք մեկ հայրենիք, և անթույլատրելի է այդ հայրենիքի այսօրվա աղետալի վիճակը: Այսօրվա անմխիթար իրականությունը վատ կառավարման, վատ կառավարիչների, կամքի ու տեսլականի բացակայության հետևանքն է:
Կուսակցությունը ջանք չի խնայի ստեղծելու զարգացած այլ երկրների փորձը կրկնող մեխանիզմներ և առաջարկելու համոզիչ ու լուրջ քաղաքական այլընտրանքներ, որոնք չեն լինի ապակառուցողական, ծայրահեղ և ինքնանպատակ:
Ամենից շատ մենք կաշխատենք զորացնել մեր այն հաստատությունները, որոնք կօգնեն հասարակության մեջ նվազեցնել ցինիզմը և մեզանում ամենավատին հավատալու պատրաստակամությունը: Դա մարդկանց ուժ կհաղորդի ասելու այն, ինչին հավատում են, և հավատալու նրան, ինչ ասում են:
Շնորհակալություն և բարի երթ մեր կուսակցությանը:

Դիտվել է՝ 3429

Մեկնաբանություններ